ԱԱԾ-ի կողմից Վարդան Այվազյանի վերաբերյալ հրապարակված տեսանյութը մոնտաժված է, ինֆորմացիան՝ խեղաթյուրված։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույյցում ասաց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա ասաց, որ օրվա ընթացքում կհրապարակի հեռախոսային ձայնագրությունների ամբողջական տարբերակը, որպեսզի հանրությունը դատողություններ անի։

«Չեմ պատրաստվում իջնել խեղկատակների ու ծաղրածուների մակարդակին և մեկնաբանել տեսանյութը։ Եթե մի քիչ պատիվ կամ արժանապատվություն ունենային, ապա կհրապարակեին Վարդան Այվազյանի խոսակցության այն հատվածը, երբ դիմացի կողմը նշում է, թե ինչպես է ինքը անձամբ փրկել ցուցարարներից Արարատ Միրզոյանին և թե ինչպես է Արարատ Միրզոյանը մեկ վայրկյանում ուրացել Նիկոլ Փաշինյանին։ Այդ դրվագը ևս մոնտաժված է»,- ասաց փաստաբանը։ 

Թե ինչ վերաբերմունք ունի Վարդան Այվազյանը հրապարակված տեսանյութի մասին, ապա փաստաբանն ասաց, որ վերոնշյալն իրենց ընդհանուր դիրքորոշումն է։ 

Փաստաբանը նշեց, որ տեսանյութում հեռախոսային խոսակցություն ունեցող մյուս անձանց չի ճանաչում․ «Մեկ հոգու հետ կապված փորձել եմ ճշտել, թե ով է։ Սակայն, հավաստիացնում եմ, որ նա սովորական քաղաքացի է և նրա անձը ոչինչ չի ասի հանրության լայն շրջանակներին»,- նշեց Պողոսյանը։  

Ավելի վաղ, հայտնել ենք, որ ԱԱԾ-ն ձեռք է բերել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ իշխանության յուրացման համար ստեղծել է նպաստավոր պայմաններ։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դրաձավ՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հողեր հանձնելու համաձայնագիրը, մի խումբ քաղաքացիներ դուրս եկան փողոց, ներխուժեցին Ազգային ժողովի ու կառավարության շենքեր։ ԱԱԾ տեսանյութի համաձայն, Վարդան Այվազյանը առնչություն է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ։ Հրապարակվել են հեռախոսային զրույցների ձայնագրություններ։