200 վրացի զինվորներ ինքնակամ լքել են երկրի արեւելքում գտնվող իրենց զորամասը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով NewPosts-ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ զորամասը լքոող զինվորների թիվը 80 է, ընդ որում նրանցից մեկն իր քայլը բացատրել է նրանով, որ իրենք չեն ցանկանում կատարել զուգարանները մաքրելու հրամանը:

«Մենք զինվոր ենք եւ գտնվում ենք այնտեղ, որպեսզի զինվորական արվեստ սովորենք, ոչ թե՝ զուգարանները մաքրենք: Եթե իրենք համար զուգարան մաքրելը առաջնահերթություն է, դա մեզ համար անընդունելի էր եւ մենք հեռացանք»,-«Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է զինվորներից մեկը:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լքելով Պալդոյի դաշտային ճամբարը, զինվորները ոտքով քայլել են 15 կմ, այնուհետեւ տարբեր միջոցներով վերադարձել են իրենց տները: Զենքը նրանք թողել են զորամասում:

Վրաստանի ԶՈՒ միավորված շտաբի պետ, գնդապետ Իրակլի Ձնելաձեն լրագրողներին հայտնել է, որ իսկապես, զինվորներն ինքնակամ լքել են ծառայության վայրը: Նա ընդգծել է, որ այդ զինվորներին տրված հրամանը համապատասխանել է ընդունված կարգին եւ ուղղված չի եղել նրանց արժանապատվության նվաստացմանը: «Նա, ով չի կատարում իր պարտականությունները, զինվոր չէ: Ներքին կանոնակարգի մեջ մտնում է եւ զորամասի մաքրումը եւ ամեն ինչ»,-ասել է գնդապետը:

Ներկայումս Վրաստանի բանակում պարտադիր ծառայության ժամկետը 15 ամիս է, զորակոչային տարիքը՝ 18-27 տարեկանը: Ընդհանուր առմամբ, 2012-ին բանակ է զորակոչվել 13 հազար զինակոչին: