Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան վերջին այցի և այդ այցի շուրջ լրատվամիջոցների ու հանրային հետաքրքրության պակասի պատճառների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: «Կարծում եմ՝ դա արտացոլումն է այն իրավիճակի, որը այսօր կա: Հատկապես ադրբեջանահունգարական գործարքից հետո իրականում բանակցությունները մտել են փակուղի, կարծում եմ համանախագահողների ճիգն այն է, որ պարզապես ցույց տան, որ գործընթացն առնվազն կա: Հիմա գործընթացը կա, միգուցե իմաստալից չէ, որովհետև ինչ-որ արդյունք չկա, բայց կարծում եմ իրենց համար նախընտրելի է լինի ինչ-որ բանակցության մարզանք կամ ձև, թեկուզ բովանդակության մեջ բան չկա: Բովանդակության մեջ բան չկա հիմնականում Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո, պարզ էր, որ ինքը փորձելու էր ԵԱՀԿ-ում համանախագահների կողմից ստեղծված մոտեցումներին հակառակ քայլեր ձեռնարկել, պարզ է, որ իրեն առ այսօր չի հաջողվել հարցը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ հակառակ այն պոռոտախոսություններին, որ հայկական կողմը անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Բայց ոչ մշտական անդամ Ադրբեջանը չի հաջողել այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս պահից արդեն հստակ էր, որ դրական տեղաշարժ չի լինելու»,- նշեց Կիրո Մանոյանը:

Վերոնշյալի հիման վրա Մանոյանը նշեց. «Միջազգային հանրությունը, ըստ էության, քայլեր ձեռնարկելու մեծ հնարավորություններ չունի, քանի որ իրենց ներկայացրած լուծման սկզբունքները որպես սկզբունք հայկական կողմի համար ընդունելի են, բայց դրանց կիրառման իրենց հասկացողությունը անընդունելի է, այսինքն՝ ամեն ինչ բերել և համեմատել 1988-ի իրավիճակի հետ անընդունելի է, բայց որ կարևոր հատկանիշ կա՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, դա բնականաբար ընդունելի է: Մյուսը, որ պետք է խաղաղությամբ լուծվի, Ադրբեջանը դժգոհ է սրանից, հատկապես այդ ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և միշտ էլ պիտի փորձի բանակցությունները տապալել՝ առանց երևալու, որ ինքն է տապալում»:

Եզրափակելով՝ Կիրո Մանոյանը նշեց, որ իր նշած գործընթացներից և հատկապես ադրբեջանահունգարական գործարքից հետո Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին շեշտը դնել Ստեփանակերտի օդանավակայանի վրա՝ նշելով, թե դա կվնասի բանակցություններին, «կարծես թե բանակցություններում առաջընթաց կար»:

Աղասի Մարգարյան