«Մութ ծագման ֆինանսների լվացքատուն»
Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է օֆշորային դրամատներում գաղտնի հաշվեհամարներ ունեցող ավելի քան 170 երկրներից մոտ 130 հազար մարդկանց անունները, - տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Օֆշորային բանկ» տերմինով բնութագրվում է արտասահմանում գործող որեւէ դրամատուն, որը բարենպաստ պայմաններով է ընդունում ի պահ դրվող գումարը, չնչին հարկ է սահմանում եւ բարձր տոկոս տալիս հաճախորդին, նրա համար երաշխավորում է գաղտնիություն ու հաշվեհամարը հեշտ եղանակով տնօրինելու հնարավորություն։
Offshore ի սկզբանե անվանել են Մեծ Բրիտանայի ափերից հեռու գտնվող կղզիները։ Երբ ստեղծվել է հեռավոր կղզիներում բանկերի բիզնեսը'տերմինը նաեւ սկսել են ֆինանսական այդ տեսակի հաստատության համար կիրառել։
«Ափերից հեռու»
Որպես կանոն օֆշորային բանկերն իսկապես գործում են տարբեր հեռավոր կղզիներում, որտեղ եկակմտի մյուս աղբյուրը զբոսաշրջությունն է, սակայն օֆշորային բանկերի սկզբունքով են աշխատում շատ բանկեր նաեւ Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Անդորայում եւ այլ երկրներում։
Օֆշորային բանկը դրամագլուխը երկրից դուրս հանելու, տվյալ պետության կամ միջազգային հարկային եւ իրավապահ մարմինների ուշադրությունից հեռու պահելու գործիք է, կամ, ինչպես տարատեսակ մեքենայություններ հետաքննող իրավապահներն են որակում' «մութ ծագման ֆինանսների լվացքատուն»։
Հայերի մասին առայժմ տեղեկություն չկա, բայց...
Այդ բանկերի ծառայությունից են օգտվում գործարարները, քաղաքական գործչները, պետական չինովնիկները։ Նրանք, սովորաբար, հաշվեհամար են բացում ազգականի կամ բարեկամի անունով։
Իհարկե, հետաքրքիր է' մի՞թե այդ 130 հազար մարդկանց ցանկում չկան հայեր։ Ամենայն հավանականությամբ, կան եւ գուցե հենց Հայաստանից, քանի որ վերլուծության մեջ ընդգրկված է 170 պետություն, բայց Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության Վաշինգթոնում տեղակայված կենտրոնը դեռ շարունակում է հսկայական թվով փաստաթղթերի վերլուծությունը։
Ինչպես «Վիկիլիքս» կայքի դեպքում էր' Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը պարբերաբար կհրապարակի նոր տվյալներ, ուստի, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց տեղեկություններ ստացվեն նաեւ հայերի օֆշորային գործարքների մասին։
«Ազերսուն» հոլդինգը' Ալիեւի օֆշորային գործընկեր
«Օֆշորային դրախտի» համբավ ունեն Բրիտանական Վիրջինյան կղզիները։ Բրիտանական Վիրջինյան կղզիներում 2008 թվականին Իլհամ Ալիեւի դուստրերի անուններով գնացվել է երեք ընկերություն։
2008-ին Արզու Ալիեւան 19 տարեկան էր, իսկ Լեյլան' 23։ Իլհամ Ալիեւի գերդաստանի հետ ֆինանսական գործարքներն իրականացրել է «Ազերսուն» ադրբեջանական հոլդինգը, որը Բաքվում երկնաքերեր է կառուցել, մենաշնորհ ունի տարբեր բնագավառներում' շինարարություն, աղի եւ կարագի արտադրություն, պարենով բանակի մատակարարում եւ այլն։
Հետազոտող լրագրողների միջազգային ընկերակցության ավագ խմբագիր Մայքլ Հադզոնը «Ազատություն» ռադիոկայանին ասել էլ, որ «Ազերսուն»-ի ղեկավար Հասան Գեզյալն է ապահովել գործնական կապն Ալիեւների օֆշորային ընկերությունների հետ։
Պաշտոնական Բաքուն շատ համառոտ է արձագանքել Հետազոտող լրագրողների միջազգային ընկերակցության զեկույցին։ Նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը BBC ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե «նախագահի ազգականները' ինչպես եւ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, ունեն բիզնեսով զբաղվելու իրավունք»։
«Ազերսուն» ընկերությունն էլ հայտարարել է, թե «զեկույցում կեղծ ինֆորմացիա է, իսկ մենք կեղծ տվյալների մասով մեկնաբանություններ չենք անում»։
Ցանկում են Վրաստանի վարչապետը եւ Ռուսաստանի փոխվարչապետը
Ըստ երեկ հրապարակված զեկույցի, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրիտանական Վիրջինյան կղզիներում ժամանակին մի ընկերություն է գրանցել։ Իվանիշվիլիի գրասենյակից հայտնել են, որ ամեն բան արվել է օրենքի սահմաններում. դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իվանիշվիլին պետական պաշտոն չի զբաղեցրել, բացի այդ, վերջին ժամանակաշրջանում կղզիներում գրանցված ընկերությունը որեւէ եկամուտ չի ապահովել։
Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվեհամար ունի նաեւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Իգոր Շուվալովի կինը' Օլգան։
«Մենք փորձել ենք նրանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա մերժել է մեր խնդրանքը։ Այն, որ անձն ունի օֆշորային հաշվեհամար, ինքնին որեւէ վատ բան չի նշանակում, սակայն հարց է ծագում' ինչի՞ համար է ստեղծվել այդ ընկերությունը, ո՞ր երկրից են եկել դրա հաշվին դրված միջոցները. այսպիսի հարցերի պատասխան ենք ուզում», - ասել է Մայքլ Հադզոնը։