Փոխվարչպետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երեւանի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․

1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

2․ Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով

3․ Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը

4. Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։

Առավել մանրամասն նշենք հետեւյալը՝

Հանրապետություն 30/1 հասցեի եւ հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված իրավական գործընթացները սկսվել են դեռեւս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Հետագայում նշված հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը նոր փուլ է մտել, երբ տարածքը ներառվել է ՀՀ կառավարության 22 մարտի 2018թ-ի 33-րդ թաղամասի նկատմամբ (Ֆիրդուսի) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման մեջ։ Այդ որոշմամբ նաեւ լիազորվել է Երեւանի քաղաքապետին տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթներ իրականացնելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։

Կառավարության 2018թ․ մարտի 22-ի որոշման ընդունմանը նախորդել է Երեւանի քաղաքապետի եւ ձեռքբերողների միջեւ 2018թ․ մարտի 19-ին կնքված պայմանագիր: Պայմանագիրը կցվում է բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը, ուժի մեջ է մտել որոշման ընդունումից հետո եւ սահմանել է սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, եւ մասնավորապես պահանջ այն մասին, որ ձեռքբերողը մինչեւ քաղաքաշինական ծրագրի ավարտը պարտավոր է գնել տարածքում առկա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, իսկ դրանց գնի հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը։ Այսպիսով, անշարժ գույքի օտարման վերաբերյալ իրավական որոշումները կայացվել են մինչեւ 2018թ. հեղափոխությունը՝ նախկին կառավարության կողմից։

Հետագայում արդեն, 2020 թվականի հուլիսին, կնքվել է Հանրապետության 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով 2018թ․ մարտի կառավարության վերոնշյալ որոշումը, օտարումն իրականացվել է որոշմամբ սահմանված կարգով, այլ ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով։ Ընդ որում, նշենք, որ օտարման նման եղանակ' ուղիղ աճուրդ, ՀՀ օրենսդրությանը հայտնի չէ, քանի որ գույքը կարող է օտարվել կամ ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով, սակայն ոչ իրավական կարգավորումներին անհայտ ուղիղ աճուրդի միջոցով։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գնին, ապա երեկվա հրապարակման մեջ նշված գնային տարբերությունը պայմանավորված է բացառապես հողի շուկայական արժեքի ու կադաստրային արժեքի միջեւ գոյություն ունեցող տարբերությամբ։ 2018թ․ մարտի 19-ին լիազոր մարմնի եւ ձեռքբերողի միջեւ կնքված պայմանագրով այս հարցը լիարժեք կարգավորված է համաձայն պայմանագրի 5.6 կետի, որը սահմանում է բառացիորեն հետեւյալը․ «Լիազոր մարմինը պարտավոր է ձեռքբերողի կողմից ծանուցում ստանալուց հետո յոթ օրյա ժամկետում կնքել պայմանագիր տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա որեւէ մասը Ձեռքբերողին վաճառելու մասին (...)։ Այդ հողամասերի դիմաց լիազոր մարմնին վճարվող գումարը, ներառյալ կիրառելի հարկերը, հաշվարկելու է հիմք ընդունելով սույն պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը (այդ պահին գործող կադաստրային արժեքը)»։

Այսպիսով՝ գույքի օտարման արժեքը որոշվել է գնահատող կազմակերպության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ մեթոդաբանությամբ իրականացված գնահատման արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա եւ ներառել է շինության համար գույքի շուկայական գինը՝ ավելացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համարժեք փոխհատուցում ապահովելու համար գույքի գնահատված շուկայական արժեքի 15%-ը եւ հողամասի կադաստրային արժեքը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրությունը՝ ուղղված Երեւանի քաղաքապետարանին վերաբերել է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքապետին վերապահված գործառույթների իրականացման անհրաժեշտությանը, եւ նրանում գույքի օտարման արժեքի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ որեւէ դրույթ բնականաբար առկա չի եղել։

Պետք է նաեւ նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։

Իրականությանը չի համապատասխանում նաեւ պնդումը, որ տարածքը ձեռքբերողը հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը, քանի որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2018թ․ մարտի 22-ի որոշմամբ սահմանել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված բոլոր տարածքների ձեռքբերողներին։