Աբովյանի ծննդատանը 2012թ փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան գործով Կոտայքի մարզի դատախազը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ այս գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Նա դիմել էր Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան' դատավճիռը փոփոխելու կամ բեկանելու պահանջով, մասնավորապես' նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ կիրառել ՀՀ քր.օր. 64 հոդ. եւ բավարարվել նրա փաստացի կրած պատժով: Մարտի 1-ին կայացած նիստին մասնակի բեկանվել է դատական ակտը եւ բեկանված մասով փոփոխվել: Այսպիսով, Վլադիմիր Մյագկովի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն եւ սահմանվել է 1 տարի փորձաշրջան

Վլադիմիր Մյագկովի փաստաբան Արա Մաթեւոսյանը տեղյակ չէր Վճռաբեկ ներկայացված բողոքի մասին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդները դատարանին խնդրել էին բժշկի հանդեպ սահմանել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Հետեւաբար, եթե ինքը եւ տուժող կողմի իրավահաջորդները Վճռաբեկ բողոք չեն ներկայացրել, ուրեմն դա արել է դատախազը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Քրեական գործը հարուցվել է 2012թ փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի կողմից: Նախաքննության մարմնի կողմից Վլադիմիր Մյագկովը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել եւ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը. «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, նրա կողմից սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը: Դա ունեցել է դժբախտ հետեւանք, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը հանգեցրել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների եւ սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Մինչդեռ բժիշկը պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, «շնչացներ» հիվանդին մինչեւ ինքնուրյուն շնչառության վերականգումը եւ սպասեր այլ մասնագետի օգնությանը: Բայց ինտուբացիոն փորձերի հետեւանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի եւ վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները խորացրել են արդեն զարգացած շնչական եւ սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը' հղիի մոտ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, ինչը պատճառ է հանդիսացել հղիի եւ պտղի մահվանը: 2012թ դեկտեմբերի 27-ին կայացրել է վճիռ, ըստ որի' գործով ամբաստանյալ, «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով եւ նշանակվել է պատիժ' ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Քաղհայցի հարցը քննելիս դատարանը որոշել է, որ այդ հարցը պետք է համարել լուծված, քանի որ տուժողի իրավահաջորդի կողմից քաղհայցի պահանջ չի ներկայացվել: