Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վնասները դեռ չեն հաշվարկվել: Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Վնասվել կամ փլուզվել են ավելի քան 15 հազար բնակարաններ, 4 հազար հանրային օգտագործման օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, 2500 միավոր տրանսպորտ:

«Հաշվարկներն ավելի քան համեստ են: Վնասը շատ լուրջ է: Միայն ուղիղ վնասը գերազանցում է 2 մլրդ դոլարը»,-ասել է Արտակ Բեգլարյանը:

Նախկին օմբուդսմենը անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, թե երկրին 50 մլրդ դոլարի վնաս է հասցվել: Ըստ Բեգլարյանի՝ Ադրբեջանն այդ հարցն օգտագործում է քարոզչական նպատակով բանակցություններում ճնշում գործադրելու համար:

«Եթե Ադրբեջանը խոսում է վնասի մասին, ապա պետք է խոսի փոխադարձ վնասի մասին: Հայաստանի եւ Արցախի իշխանություններն այդ առումով պետք է աշխատեն հակադարձ ապացույցներ պատրաստելու համար: Ինչ վերաբերում է միջազգային դատական ատյաններ դիմելուն, ապա նման տեսակի ու ծավալի հայցեր չեմ հանդիպել և իրատեսական չեն թվում»,-հայտարարել է Արցախի նախկին օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Արտակ Բեգլարյանը Արցախի օմբուդսմենի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը գործադիրում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկած աշխատանքն է: