Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ լայն քննարկման: Ընտրությունները, ըստ Փաշինյանի, պետք է տեղի ունենան 2021 թվականին: Իհարկե, անչափ ուշագրավ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, փայլուն իմանալով իր վարկանիշը և ժողովրդի աջակցության իրական աստիճանը, գնում նման քայլի, որը այլ կերպ, քան քաղաքական ավանտյուրա չես անվանի: Ուշագրավ է նաև այն, որ գնալով արտահերթ ընտրությունների Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի օրինակով չի հայտարարում, որ ինքը և իր թիմը այդ ընտրություններին չեն մասնակցելու:

Ակնհայտ է, որ Փաշինյանը ցանկանում է այսպիսով ժամանակ շահել և ավարտին հասցնել սկսած գործը, այն է հնարավորինս շատ տարածքներ հանձնելը թշնամուն, իսկ այնուհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ պայմանագիր կնքելը: Մյուս կողմից Փաշինյանը հեռահար նպատակ է հետապնդում թուլացնել ընդդիմությանը, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ լեգիտիմացնելու է և բուն ընտրությունները, և դրանց արդյունքները՝ այդ թվում իր վրա վերցնելով Փաշինյանի և իր թիմի արած քայլերի համար ամբողջ պատասխանատվությունը.դառնալով քաղաքական հանցակից: Ընդդիմադիրները այսօր արդեն իսկ հայտարարություններով են հանդես եկել, նշելով, որ չեն տրվելու Փաշինյանի կողմից առաջ քաշվող այս կեղծ օրակարգին և մերժում են արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, պահանջելով անհապաղ հրաժարական:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար միանշանակ հասկանալի է, որ առաջ քաշելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիսկուրսը, Փաշինյանը և իր թիմը պարզապես հող են նախապատրաստում իրենց իշխանության վերարտադրման համար: Եթե քաղաքական գործիչը ունենալով կատաստրոֆիկ ցածր վարկանիշ և իր հրաժարականի շուրջ հանրային լայն կոնսենսուս գնում է ընտրությունների, դա նշանակում է մեկ բան՝ նա պատրաստվում է այդ ընտրությունները կեղծել: Դրա համար Փաշինյանը ունի բոլոր անհրաժեշտ տարրերը՝ վարչական ռեսուրսից մինչև ԿԸՀ նախագահ, որին ի դեպ հեղափոխությունից առաջ մեղադրելով ՀՀ-ում բոլոր ընտրությունների արդյունքները հօգուտ ՀՀԿ-ի նկարելու, հեղափոխությունից հետո պահեց իր թիմում, թերևս աչքի տակ ունենալով նաև սման սցենարները, որտեղ Մուկուչյանի փորձը և տաղանդը կարող են պետք գալ նաև իրեն: Ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու դեպքում էլ ընդդիմությունը չի ունենալու ռեալ հնարավորություն, քանի որ այդ արդյունքները պետք է բոդոքարկվեն ՍԴ-ում, որի հարցը ինչպես գիտենք Փաշինյանը նույնպես լուծել է: Մոտ օրերս նա պատրաստվում է լուծել նաև ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը և այն դարձնել վերարտադրման համար առավել նպաստավոր:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է բոյկոտեն Փաշինյանի կողմից առաջ քաշված այս կեղծ օրակարգը և էլ ավելի մեծ թափով շարունակեն հանրության մոբիլիզացիան վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ և ակտիվացնեն փողոցային պայքարը...