Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ եկող տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է արձանագրվելու: Մի կողմ թողնենք, թե ինչ էր ասում ծերուկ Ֆրեյդը չհիմնավորված լավատեսության մասին և միանգամից անցում կատարենք նախարարի հավաստիացմանը՝ ունեն բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր և պատրաստում են դրանք շուկա ներարկել:

Այստեղ ժանրի կանոնների համաձայն Վահան Քերոբյանը պետք է հայտարարեր, որ ներդրումները չեն լինի, մինչև տեղի չունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հետաքրքիր է' ինչպե՞ս են այդ միլիարդանոց ներդրումային առաջարկները հասել Հայաստան, մի պարագայում, երբ երկրից կապիտալը սահմռկեցուցիչ տեմպերով փախչում է, իսկ տնտեսության վիճակը վերջին 20 տարում թերևս նման ազատ անկում չէր արձանագրել: Ո՞վ է գժվել, որ Հայաստանում առկա պայմաններում միլիարդանոց ներդրումներ անի, կամ ում էին սպասում մինչ այս:

Ինչպես երևում է' իշխանությունները նորից անցել են հին հեքիաթներին, պարզապես հեքիաթասացն է նոր: Ժողովրդին կուտ տալուց բացի այլ բան անել չի մնում, բայց իշխանությունները չեն գիտակցում, որ տնտեսական հեղափոխության և ներդրումային բումի մասին փուչիկը վաղուց պայթել է, և նման հեքիաթներին, այն էլ միֆոլոգիական բնույթի, այլևս ոչ մեկ չի հավատում...

Միայն մի տարբերակ կարող է լինել. այն է, որ նախարար Քերոբյանի ավետած միլիարդանոց ներդրումները գալու լինեն Թուրքիայից կամ Ադրբեջանից, ի վերջո հենց այս երկրների հետ ակտիվ առևտրի կողմնակից է հանդիսանում Փաշինյանի նորաթուխ թիմակիցը...