«Հայաստանի Համար Հանրային Առողջության աշխատանքային Խումբը» ու «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը կոչ են անում Ազգային ժողովի պատգամավորներին քվեարկել անփոփոխ պահելու համար ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության բոլոր դրույթների կատարման ժամանակացույցը:

 

Իրենց հրապարակած բաց նամակում նրանք նշում են, որ Հայաստանի բնակչության առողջությունն ու բարեկեցությունը ավելի կարեւոր են, քան ծխախոտային արդյունաբերության բիզնես շահերը:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, մենք՝ Հայաստանի համար հանրային առողջության աշխատանքային խումբը և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքը, հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի անդամներին քվեարկել անփոփոխ պահելու համար ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության բոլոր դրույթների կատարման ժամանակացույցը, որն ընդունվել է ձայների մեծամասնությամբ 2020 թվականի փետրվար ամսին:

Հայաստանի պատմության համար այս վճռական պահին էլ ավելի կարևոր է, որ ազգը վեր դասի Հայաստանի բնակչության առողջությունն ու բարեկեցությունը ծխախոտային արդյունաբերության բիզնես շահերից:  

Հայաստանի բնակչության առողջության բարելավման համար անհրաժեշտ է, որ ՀՀ Ազգային ժողովը շարունակի ընդունել այնպիսի օրենսդրություն, որն էական ազդեցություն կարող է ունենալ կարճ ժամանակահատվածում և հիմնված է ապացույցների վրա, քանի որ հաջողությամբ աշխատել է աշխարհի շատ երկրներում:

ՀՀ Ազգային ժողովի ճնշող մեծամասնության կողմից 2020 թ. փետրվարին ընդունված օրենսդրությունը դրական քայլ է կյանքի տևողության բարձրացման և հարյուր հազարավոր վաղաժամ մահվան դեպքերի նվազեցման միջոցով Հայաստանի բնակչության առողջության բարելավման ճիշտ ճանապարհին: Սույն օրենքի կիրառումը հետաձգելու վերաբերյալ Տնտեսական հարցերի հանձնաժողովի առաջարկությունը ոչ հեռատեսական է և վնասակար:

2020-ի փետրվարին ընդունած օրենսդրությունը ներառում է 100% ծխախոտի ծխից ազատ հասարակական վայրերի ստեղծում, արգելում է ծխախոտի խթանման և հովանավորության բոլոր ձևերը՝ ներառյալ վաճառքի կետում ծխախոտի ցուցադրման արգելքը: Մի շարք երկրներում նման քաղաքականությունները հաջողությամբ կրճատել են ինչպես ծխախոտի օգտագործումը, այնպես էլ ծխախոտի հետ կապված վաղաժամ մահացությունները: Մասնավորապես, մենք կոչ ենք անում կյանքի կոչել օրենքի բոլոր դրույթները, ինչպես նախատեսված է 2021 թվականի համար՝ ընդգծելով՝

  1. Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացումները տուփի վրա, որը բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը ծխախոտային արտադրանքների և դրանց փոխարինիչների վնասակար ազդեցության վերաբերյալ և ուղղված է հիմնական բնակչությանը, հատկապես՝ անչափահասներին և դեռահասներին:
  2. Վաճառքի կետերում ցուցադրման արգելքը՝ իմպուլսիվ գնումները նվազեցնելու, ծխողներին ծխելը թողնելու համար աջակցող միջավայր ապահովելու համար և անչափահասների ու դեռահասների շրջանում գնումները նվազեցնելու համար՝ կանխելով նրանց ծխող դառնալը։ Ցուցադրումներն/վահանակներն օգտագործվում են ծխախոտային ընկերությունների կողմից իրենց արտադրանքը գովազդելու համար, մասնավորապես՝ անչափահասներին և ապագա հավանական օգտագործողներին գրավելու համար։
  3. Գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերի արգելքը սահմանվել է 2010 թվականին։ Այս դրույթի իրականացումը ամենաարդյունավետ միջոցներից է անչափահասների և դեռահասների մանիպուլացիան կանխելու և նրանց ծխախոտային արտադրատեսակների օգտագործող չդառնալու համար:

Ծխելը ժամանակից շուտ սպանում է ավելի շատ հայ տղամարդու, քան որևէ այլ կանխարգելիչ կենսակերպ։ Հայաստանն ունի ծխելու ամենաբարձր տարածվածություններից մեկը ողջ Եվրոպայում: 18 տարեկանից բարձր տղամարդկանց գրեթե 51% -ը կանոնավոր ծխողներ են: Համաձայն ԱՀԿ-ի վերլուծության կանխատեսվում է, որ այսօր Հայաստանում 591,000 չափահաս ծխողներից 295 500-ը վաղաժամ կմահանան, եթե ազգային մակարդակում ծխելը նվազեցնելու միջոցներ չձեռնարկվեն: Այս թիվը ներկայացնում է Հայաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 10% -ը և բազմաթիվ անգամներ գերազանցում է այն մահվան դեպքերի թիվը, որոնք Հայաստանը կրել է այս տարի COVID-19- ից և պատերազմից՝ միասին վերցրած։ 

Հայաստանի տնտեսության վրա ծխախոտի օգտագործման ֆինանսական բեռը ծանր է։ Ծխախոտի օգտագործման արդյունքում առաջացած հիվանդությունները բուժելու համար կան զգալի առողջապահական ծախսեր: Նրանք, ովքեր ժամանակից շուտ են մահանում, զրկում են իրենց ընտանիքներին եկամուտներից և խոչընդոտում են տնտեսական զարգացմանը՝ տնտեսական արտադրողականության կորցրած տարիների հաշվին։ Հայաստանի առողջապահական համակարգն արդեն իսկ չափազանց ծանրաբեռնված է`բուժելով COVID-19-ը և կառավարելով պատերազմի արդյունքում տուժածների բուժումն ու վերականգնումը: Ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռի նվազեցումը անհրաժեշտ է ողջ ազգաբնակչության առողջության համար:

Նիկոտինն ամենաշատ կախվածություն առաջացնող նյութերից մեկն է աշխարհում։ Ծխախոտ արտադրող ընկերությունների նպատակն է ձևավորել նոր ծխողներ և խրախուսել կախվածությունը՝ դարձնելով նրանց ցմահ սպառողներ։ Հետևաբար առավել արդյունավետ է համարվում այն օրենսդրությունը, որը նպատակ ունի նվազեցնել ծխելը սկսելը: Հայաստանում անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը մեր երիտասարդությանը այս կախվածության վարքագծից պաշտպանելու և հաջորդ սերունդների առողջությունն ապահովելու համար։ Նրանց առողջությունը կնպաստի նաև տնտեսության զարգացմանը։

Մենք վճռականորեն հավատում ենք, որ այս օրենքների կարճաժամկետ տնտեսական հետևանքները աննշան կլինեն, եթե նույնիսկ այդպիսիք լինեն։ Այժմ Հայաստանի համար բացառիկ անհրաժեշտություն է 2020 թ․-ի ողբերգություններից վեր հառնել՝ ավելի առողջ բնակչություն ունենալուն ուղղված ներդրումներ կատարելու պարտավորությամբ, ինչը խիստ անհրաժեշտ է մեր երկրին՝ վերապրելու, վերակառուցելու և ծաղկելու համար: Չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա է՝ մնալու հավատարիմ այն գաղափարին, որ տնտեսապես բարեկեցիկ պետությունը կառուցված է առողջ և լավ կրթված բնակչության հիմքի վրա:

Դիմադրեք ծխախոտային արդյունաբերության և նրանց լոբբիստների ջանքերին: Փրկեք մեր հաջորդ սերունդներին ծխախոտի և նիկոտինի կախվածության վտանգներից, ինչպես նաև երկրորդային ծխի ազդեցությունից: Քվեարկեք ազգաբնակչության ապագան պաշտպանելու օգտին:

Ստորագրված է՝

Հայաստանի համար հանրային առողջության աշխատանքային խումբ (52 անդամ աշխարհի տարբեր եկրկրներից)

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինք (շուրջ 30 հասարակական կազմակերպությունների միություն)»: