Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել և իրենց հանձնել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Երբ բնակիչները բոյկոտել են, ադրբեջանցիներն ասել են ձեզ տեղյակ պահեին, որ այդ տարածքները մերն են։ Սակայն նման բան չի եղել. ո՛չ գյուղի բնակիչները, ո՛չ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել, որ գյուղի կեսը պետք է հանձնվի։ Երևի մեզ որոշել էին «ամանորյա անակնկալ» անել», – ասաց Հովսեփյանը։

Գյուղի այդ հանձվնելիք հատվածում 12 տուն կա, որոնց բնակիչներին մեկ օր ժամանակ է տրվել գյուղից հեռանալու համար։ Տեղացիները պատրաստվում են զինված ինքնապաշտպանության։

«Վարչական ներկայացուցիչն արդեն կոչ է արել մարտական ընկերներին հավաքվել զենքերով և անցնել ինքնապաշտպանության։ Աստված մեզ հետ, Սյունիքը պետք է ամեն ինչ անի, որ իրեն պահի։ Մեծն Նժդեհն ասում էր` Սյունիքը Հայաստանի ողնաշարն է։ Ով չի հասկանում, որ Հայաստանի ողնաշարը ջարդվելուց հետո Հայաստանն էլ է ջարդվելու, թող մի քիչ կարդա», – ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով` ներկայից իշխանությունները ադրբեջանամետ քաղաքականություն են վարում և օրեցօր նոր տարածքներ հանձնում։

«Ողջույններ Էլչիբեյին Սյունիքից` ամեն օր նոր հողեր հանձնելու համար», – ասաց փոխքաղաքապետը վերջում` նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։