Ոստիկանությունը հայտնաբերել է հունվարի 1–ին Երևանի Ֆանարջյան փողոցում գազային ատրճանակից կրակողին։

Ինչպես հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, հունվարի 1-ին՝ ժամը 16.00-ին, Ֆանարջյան փողոցում վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 56-ամյա տղամարդը վիճաբանել էր ծանոթի հետ, որը մի քանի անգամ հարվածել էր տղամարդու դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ֆանարջյան փողոցում ավտոմեքենայից իջնելուց հետո ծանոթը կրակել էր իր մոտ եղած գազային ատրճանակից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։

Տղամարդուց ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է ատրճանակից կրակած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 2-ին՝ ժամը 01.40-ին, 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գազային ատրճանակը։

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն։