Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:

Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում:

Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:

Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:

Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը' ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:

Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»։