Շատ-շատ մեր հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու. իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեն մեր հարաբերությունները, ապա ապաշրջափակումը տարածաշրջանում շատ լավ է, բայց այս իրականության մեջ ռազմական հաղթանակից հետո հակառակորդը, թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է նաեւ իրենց եւ տնտեսական, եւ ժողովրդավարական հարձակումը, ազդեցությունը մեր վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Դրա շարունակությունն է նաեւ, կարծեմ Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է եւ մեզ վրա, եւ տարածաշրջանի այլ երկրների վրա: Հիշենք, որ այս տարածաշրջանը մոտ է նաեւ Վրաստանին: Նաեւ տաք պահելն է այդ ամենը, որ տեսեք, մենք ուժեղ ենք նաեւ Ռուսաստանի համար: Այնպես որ, ձախողումների, հետնահանջի այս շարունակականությունը մեզ մոտ անընդհատ լինելու է»,-ընդգծեց նա: