ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի բարեկամներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, ըստ որի ՀՀ ԱԺ պատգամավորները մոտ 80 միլիոն դրամ տարեկան իրենց տրամադրվող գումարից կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Մանրամասները հիմնավորման մեջ.
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ: Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն: Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանրացել է և՛ համավարակի և՛ պատերազմի հետևանքով: Ուստի
հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաև կյանքի հետ անհամատեղելի: Հաշվի առնելով դա, անհրաժեշտ եմ համարում փնտրել ու գտնել երկրում առկա բոլոր հնարավոր միջոցները հիշյալ մարդկանց նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Այս լրացումը կարևորում եմ նաև բարոյական տեսակետից և դիտարկում եմ որպես հնարավորություն երկրի թիվ մեկ կառավող մարմնի՝ խորհրդարանի կողմից վերջին պատերազմում 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ ընդգծված վերաբերմունք դրսևորելու և նրանց կողմից լիարժեք կենսակերպը հանուն երկրի պաշտպանության զոհաբերելու սխրանքը գոնե ևս մեկ դրվագով կարևորելու առումով: Ազգային
 ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում ենպատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար, հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11 %-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում, այն էլ ԱԺ պատգամավորների կողմից առկա միջոցների պարագայում լրացուցիչ և անհրաժեշտ
աջակցություն ցուցաբերելու համար»: