Ինչպես արդեն հայտնի է` Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ կնոջ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը,  քանի որ նա միայնակ կին էր և հարազատներ չուներ։ 

«Ոստիկանության  Կումայրի բաժնից ստացել ենք գրություն  կնոջ մահվան վերաբերյալ, որտեղ նշված է եղել նաև, որ նա հարազատներ չունի և անհրաժեշտ է կազմակերպել կնոջ հուղարկավորությունը։ Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունն իրականացրել է հուղարկավորման գործընթացը։ Քաղաքապետարանը կարիքավոր քաղաքացիներին տրամադրում է վառելափայտ, դրամական աջակցություն, բայց այդ կնոջից երբևէ դիմում չենք ունեցել ոչ վառելափայտի, ոչ դրամական աջակցության մասով։ Մենք դիմումները ուսումնասիրել ենք և պարզել, որ նրա անունով առհասարակ դիմում չենք ունեցել որևէ աջակցություն ստանալու մասով»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։  

Նշենք, որ մահացածը տնակային ավանում բնակվող միայնակ տարեց է եղել։

Ավելի վաղ, Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ահազանգել էր, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով սոցիալապես անապահով ընտանիքները, հատկապես միայնակ տարեցները խոցելի են դառնում։

 
 

«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած՝ ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ...: Մանրամասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,- գրել էր Թումասյանը։