Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի։ Հանրահավաքի կազմակերչական հարցերը քննարկվել են հունվարի 26-ին տեղի ունեցած Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստում, որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Խորհրդի նիստում քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը և քննարկման ավարտին ընդունվել է խորհրդի դիրքորոշումն ու մոտեցումներն արտահայտող հայտարարություն:

Շարժումը վերահաստատում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես նաև ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման առաջնահերթությունը:

Անցումային կառավարության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն վիճակի կայունացումը, երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրների լուծումը, վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

«Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայրենիքի փրկության շարժումը բոլոր քաղաքական ուժերին առաջարկում է վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։