Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում: Այս մասին «Դավոսյան շաբաթվա» ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար. «Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է»,-ասել է նա՝ կարևորելով մարտական գործողությունների ամբողջական դադարեցումն ու կայունացման գործընթացի սկսումը:

«Հիմա միջազգային հանրությունը խնդիր ունի օգնելու տուժած շրջաններին, որպեսզի լուծվեն մարդասիրական հարցերը, որոնք կապ ունեն փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման հետ»,-ասել է նա: