Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ներկա իշխանությունը հրաժարական կտա, որից հետո կստեղծվի ազգային փրկության կոմիտե, որը կտանի նոր ընտրությունների։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը։

Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններ լինելու դեպքում մասնակցելու է, նրա շուրջ կհամախմբվե՞ն, Հրանտ Թոխատյանն ասաց.

«Ռոբերտ Քոչարյանը մեծ փորձ ունի, իր նախագահ լինելու տարիներին տնտեսական աճ է նկատվել, որից հետո բնականաբար մեծ բացթողումներ է ունեցել, երեւի դրա համար էլ այսօր մենք ունենք այն իշխանությունը, որն ունենք։ Ու այդ բացթողումները եղել են եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ նախագահների կողմից, ինչն այդքան էլ ճիշտ չէ, այսօր փողոց դուրս գալը կապված է հենց դրա հետ, 30 տարվա մեջ մենք հավատ կորցրեցինք»։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատը, կիսո՞ւմ է այդ կարծիքը, դերասանն ասաց, որ, եթե այսպես շարունակվի, ապա այո։

«Գիտեք, եթե ամեն մի քայլ անելու համար պետք է զանգենք եւ խորհրդակցենք, բնականaբար, երեւի թե ճիշտ է»,– ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, ապա կդիմեն ապստամբության, Թոխատյանն ասաց, որ եթե խոսքը զինված տարբերակով ապստամբության մասին է, ապա ինքը կողմնակից չէ այդ տարբերակին։ Լրագրողների դիտարկմանը, թե խոսքը զինված գործողությունների մասին չէ, այլ շենքեր գրավելու, դերասանն ասաց.

«Այն, որ պետք է լինեն գործողություններ, ես դրան կողմնակից եմ, որովհետեւ մենք հենց նոր խոսում էինք այն մասին, որ նախորդ շարժումը մարեց, երեւի նրանից էր, որ հավաքվում էինք, լսում էինք ինչ–որ բաներ, որի մասին բոլորս գիտեինք, եւ հետո երթի էինք գնում, ապա տներով, դա էլ ձեւ չի»։