Այսօր՝ ապրիլի 6-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ, Աշոտ Ստեփանյանը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի բնակիչ, 48-ամյա Սահրադ Աբրահամյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը որից հետո Ֆ. Աբրահամյանը տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատորղական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, երեկ՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 21:10-ի սահմաններում Երևան–Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարանի «Հերոսամարտի հուշարձաններ» հատվածի մոտ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Ապարան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գեղամ Հայրապետյանն էր, ով ըստ տեղեկությունների աշխատում էր Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը և քննիչ Աշոտ Ստեփանյանը:

Տեղում էին եղել նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ՃՈ տեսուչներ՝ Հարություն Խաչատրյանն ու Արսեն Մատինյանը վրաերթի վայրից քիչ հեռու հայտնաբերել էին «Nissan Pathfinder» մակնիշի՝ 26 ՏՕ 472 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան վրաերթի հետևանքով վնասված հետքեր:

Արդեն Ապարանի ոստիկանությունում էր գտնվում վրաերթ կատարած վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Ֆահրադ Աբրահամյանն էր:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում քննիչ Աշոտ Ստեփանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Պարզվել էր, որ վրաերթ կատարող 48-ամյա Ֆահրադ Աբրահամյանը աշխատում է Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար, ով ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել Ապարան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գեղամ Հայրապետյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: