Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ' պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ամբողջ գույքը թողել են Քաշաթաղում ու դուրս եկել, հիմա գտնվում են անելանելի վիճակում:

Նրա խոսքով' վերջին երկու ժամում են հայտարարել տարհանման մասին, ուստի իրենց հետ ոչինչ չեն վերցրել: «Թող մեզ տուն տրամադրեն, գնանք ապրենք: Մի քանի անգամ օգնություն է տրամադրվել, սակայն դա բավարար չէ ապրելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի համայնքների մի քանի ղեկավարներ հանդիպեցին վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Ղամբարյանը հանդիպում է նշանակել փետրվարի 3-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ' քննարկելու խնդիրների լուծումները: