Մշակույթի նախարարությունում բավական լուրջ պայքար է սկսվել նախարար Հասմիկ Պողոսյանի ու փոխնախարար Արթուր Պողոսյանի միջև: Պայքարի առարկան ապագա կառավարության կազմում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնն է: Արթուր Պողոսյանը համարում է, որ ինքը կարող է լինել այդ պաշտոնի ամենաիրական հավակնորդը:
Եվ ահա, թե ինչու:

Դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր նախարար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ էր ներկայացնում իր համակարգի հեղինակավոր տնօրենների ցուցակը, ովքեր իրավամբ, այլ ոչ թե թղթի վրա, կարող էին ձայն բերել Սերժ Սարգսյանին: Նրանք էլ ներկայացնում էին ցուցակներ, թե իրենց ղեկավարած կառույցից որքան ձայն կարող են բերել գործող նախագահին: Մշակույթի նախարարն էլ իր տնօրենների ցուցակն էր ներկայացրել, և թեպետ այս գործի համակարգման պատասխանատվությունը դրված էր փոխնախարար Արթուր Պողոսյանի վրա, ՀՀԿ գրասենյակում որոշ հանդիպումների մասնակցել էր նաև Հասմիկ Պողոսյանը, ով էլ հպարտությամբ ներկայացրել էր իր համակարգի կարող ուժերին և նրանց հնարավորությունները:
Երբ սկսեցին խոսակցություններ տարածվել, որ նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) իր լոյալության դիմաց կարող է կրկին ընդգրկվել կառավարող կոալիցիայում, Հասմիկ Պողոսյանի մտերիմ շրջապատի մոտ անհանգստություն առաջացավ, որ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն վերցնի նաև Մշակույթի նախարարությունը, ինչի արդյունքում Հասմիկ Պողոսյանը պաշտոնանկ արվի: Մանավանդ, որ մամուլում սկսեցին շրջանառության մեջ դրվել ապագա Մշակույթի նախարարի ԲՀԿ-ական թեկնածուի անունը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թերևս, կարծելով, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու հարցն արդեն որոշված է, անզգուշություն է ունեցել, և իր մտերիմների անհանգստությունը փարատել, ասելով' մի՞թե մոռացել են, որ ինքը ժամանակին հենց «Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) քվոտայով է դարձել Մշակույթի նախարար և շարունակում է մտերիմ հարաբերություններ ունենալ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, իսկ վերջինս էլ Գագիկ Ծառուկյանի մոտ առանցքային դերակատարություն ունեցող անձնավորություն է: Այնպես որ, ինքը ցանկացած պարագայում կշարունակի պաշտոնավարել:
Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն ոչ միայն չի պատրաստվում կոալիցիայի անդամ դառնալ, այլև կատաղի պայքար է սկսել իշխանության համար, ու դա, ինչպես իրենց կարգախոսն է վկայում' սկսում են Երևանից: Գաղտնիք չէ նաև, որ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ոչ թե Վարդան Օսկանյանն է, այլ' ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը, ինչի արդյունքում' Հասմիկ Պողոսյանն անմիջապես հայտնվեց իշխանությունների համար անվստահելիների ցուցակում, և այս ընտրություններին, թեպետ ՀՀԿ-ն ավելի փութաջանորեն է նախապատրաստվում, և անգամ շտկում նախորդ ընտրության սխալները, Հասմիկ Պողոսյանին այլևս չեն ներգրավել Տարոն Մարգարյանի համար կատարվող աշխատանքների անգամ քննարկումներին, և այդ գործն ամբողջությամբ ղեկավարում ու համակարգում է փոխնախարար Արթուր Պողոսյանը: Հենց սա էլ հնարավորություն է տվել Արթուր Պողոսյանին մտածել, որ ինքը կարող է դառնալ իր շեֆի ամենահավանական փոխարինողը:
Հասմիկ Պողոսյանն էլ կարող է ենթադրել, որ նախընտրական պատրաստությունների կազմակերպման պատասխանատվության վերահասցեագրումը կարող է նշանակել, որ Բաղրամյան 26-ում իրեն այլևս չեն ցանկանում տեսնել նախարարի պաշտոնում: Նա իսկական խաչակրաց արշավանք է սկսել այն տնօրենների նկատմամբ, որոնց ցուցակը հենց իր ձեռքով է ժամանակին տվել ՀՀԿ գրասենյակ:
Հավանաբար Պողոսյանը մտածում է, որ հիմա ճիշտ ժամանակն է' աշխատել այլ թիմի համար, որպեսզի, եթե պաշտոնանկ արվի, ապա դա հնարավոր լինի ներկայացնել ոչ թե վատ աշխատանքի արդյունք, այլ քաղաքական հետապնդում: Այդ դեպքում նրա տեղը ԲՀԿ ճամբարում ապահովված կլինի: Պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ-ում արդեն հանգրվանում է Մշակույթի մեկ այլ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Թամարա Պողոսյանը, ով լինելով ՕԵԿ ամենանվիրյալ ներկայացուցիչներից մեկը, հանրության համար անսպասելիորեն հայտնվեց ԲՀԿ-ում:
Հասմիկ Պողոսյանի համար դա ավելի քան հեշտ է, քանի որ հիմա նա իր նախկին ղեկավարին' Գուրգեն Արսենյանին ներկայացնելու բան ունի. եթե չի կարողանում իր համակարգից բավարար չափով ձայն բերել նրա համար, քանի որ հզոր տնօրենները ՀՀԿ-ի համար են աշխատում, գոնե խանգարում է նրանց' աշխատելու մրցակից թեկնածուի օգտին:
Թե ի՞նչ հանգուցալուծում կստանա նախարար Պողոսյանի և փոխնախարար Պողոսյանի պայքարը, մենք կիմանանք ընդամենը մի քանի օրից: Ցավալին միայն այն է, որ նույնիսկ Մշակույթի նախարար դառնում են կամ ազատվում ոչ թե ոլորտի լավ կառավարման կամ մասնագիտական ընդունակությունների, այլ բացառապես ընտրություններում ունեցած դերակատարման համար: