ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովի ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ և ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացում»,- նշել է Մեսրոպ Առաքելյանն՝ առաջարկելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում ներառել սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները, ինչը հնարավորություն կտա նշված գործընթացն իրականացնել առավել սահուն ու արդյունավետ։
Նախագիծն ընդունվել է ամբողջությամբ և կգործի ապրիլի 1-ից»։