Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:

Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:

Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:

Կողմերն դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր»,- ասված է հայտարարության մեջ: