Ամերիկացի միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը YouTube-ի Viritasium ալիքին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում մարդկության համար նոր սպառնալիք կարող են դառնալ կլիմայի փոփոխությունը և կենսատեռորիզմը: MK.ru-ի հաղորդմամբ' Գեյթսը նշել է, որ կլիմայի փոփոխությունն իր ազդեցությամբ կարող է գերազանցել կորոնավիրուսային համաճարակին:

«Ամեն տարի այս խնդրի զոհերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան նրա, ինչի հետ գործ ունենք այս համաճարակի ժամանակ», - շեշտել է գործարարը:

Բիոտեռորիզմը կայանում է նոր վիրուսներ ստեղծելու հնարավորության մեջ: «Ինչ-որ մեկը, ով ցանկանում է վնաս հասցնել, կարող է վիրուս մշակել, իսկ դա նշանակում է, որ դրա հետ բախվելու գինն ու հնարավորությունն ավելի բարձր է, քան սրա նման բնական համաճարակների», - ասել է Գեյթսը:

Նա հավելել է, որ կարող է խոսքը գնալ շնչառական վիրուսի մասին: Դրանով վարակված անձը կարող է առայժմ չիմանալ այդ մասին, բայց միևնույն ժամանակ վարակել ուրիշներին հասարակական վայրերում, ասել է գործարարը:
Այնուամենայնիվ, միլիարդատերը ուրախ չէ, որ 2015 թվականին իր կանխատեսած համաճարակն իրականություն է դարձել: