Գործարար Փայլակ Հայրապետյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իր բրենդը այնտեղ տանելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:

Հարցին, թե ո՞րն է իր բրենդը, նա պատասխանեց. «Իմ բրենդն իմ ազգանունն է», հավելելով, որ մեկնել է Ղարաբաղ ընդերքն ուսումնասիրելու: Դիտարկմանը, թե այնտեղ նավթ կամ գա՞զ են փնտրում, Հայրապետյանը պատասխանեց. «Դեռ ընդերքն ենք ուսումնասիրում, տեսնենք, թե ինչ հանածոներ կլինի»:

Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ ինքը միայնակ է եւ գործընկերներով չի աշխատում, քանի որ արդեն մեկ անգամ հասցրել է խաբվել: Իսկ նոր նախաձեռնության գումարները, ոչ թե վարկ է վերցրել, այլ իր խնայողություններով է իրականացնում: «Մեր հարուստներն էլ, որ տանում են այդ գումարները լցնում են օտար երկրներում, թող բերեն Ղարաբաղ: Դրա համար էլ ես ուզում եմ իմ բրենդը տանեմ այնտեղ: Նոր աշխատատեղեր եւս կստեղծվեն»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: