Համավարակով պայմանավորված՝ Երևանում շարունակում են փակ մնալ մի շարք մանկապարտեզներ և այն ծնողները, որոնք աշխատում են, չեն կարող համատեղել իրենց աշխատանքը երեխայի խնամքի հետ, որն էլ բողոքի ալիք է բարձրացրել ծնողների մոտ. «Քաղաքապետարանի դիմաց ժամեր շարունակ անցկացնելուց հետո մեզ վերջապես ընդունեց կրթության բաժնի վարիչն ու ասաց, որ իրենք էլ են մտահոգ այդ խնդրով, որ իրենք էլ են փորձում լուծում տալ դրան, ասաց, որ անընդմեջ բանակցությունների մեջ է Առողջապահության նախարարության հետ, քանի որ իրենք են այդ արգելքը դրել»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներից մեկը՝ Աննա Սարիբեկյանը:

Վերջինս նշեց, որ իրենք դիմել են նաև Առողջապահության նախարարություն, սակայն այնտեղից էլ նրանց ասել են, որ դիմեն քաղաքապետարան. «Տպավորություն է, որ իրար վրա են գցում, իրարից տեղյակ չեն, գնում ենք այնտեղ, ասում են՝ գնացեք այնտեղ ու էսպես շարունակ»,- նշեց ծնողը:

Որպես ժամանակավոր լուծում քաղաքապետարանը բողոքի ակցիա իրականացնողներին առաջարկել է կազմել 12 հոգանոց մի խումբ, որի հետ կլուծեն այդ խնդիրը. «Իսկ, թե երբ կհավաքվենք, դա դեռ պարզ չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե հետագայում ինչ են պատրաստվում անել, պատասխանեց. «Եթե մեզ չընդառաջեն այս հարցում, մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները թե՛ քաղաքապետարանի դիմաց, թե՛ Առողջապահության նախարարության դիմաց: Անգամ կան մամաներ, որոնք պատրաստ են հացադուլի, այնքան ենք ցույց անելու, մինչև մեր ուզածին չհասնենք»,- ընդգծեց Աննա Սարիբեկյանը:

Ըստ նրա խոսքերի՝ որպես միայնակ ծնող իրեն,նաև զինվորականների երեխաներին պետք է գոնե այս հարցում ընդառաջեին, բայց չկա որևէ աջակցություն:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ծնողներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի մանկապարտեզներում շարունակվեն ընդունելությունները: