«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իր կողմից առաջ քաշված արտահերթ ընտրություններով երկրի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու օրակարգից, ապագա քաղաքական գործընթացներում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Արտահերթ ընտրությունների չեղարկումով Հայաստանի քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, այն ընդամենը փորձ է՝ անորոշ ժամանակով երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն փաստ է, որ իրադարձությունների նման հանգուցալուծումից հետո քաղաքական հիմնական խաղացողները պետք է վերադասավորվեն և իրենց պայքարը շարունակեն նոր իրողություններին համապատասխան: Քաղաքական դաշտի խոշոր դերակատարներից ԲՀԿ-ն ավանդաբար ունի մեծ ազդեցություն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական պրոցեսների վրա։

Բոլոր ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը առանցքային է եղել, և այս փուլում ևս շարունակելու է լինել այդպիսին։ Թե՛ փողոցային պայքարի, թե՛ խորհրդարանում ընթացող պրոցեսների համատեքստում Ծառուկյանի դիրքորոշումը բեկումնային կարող է լինել, ինչը չափազանց կարևոր է քաղաքական հակակշիռներ ստեղծելու և ամենաթողությունը կանխելու տեսակետից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պարագայում ինքը մասնակցելու և «կրելու» է։ Իհարկե, Քոչարյանի հայտը փոխում է ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև իշխանության դիրքավորումը քաղաքական դաշտում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևաչափով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, նա, միևնույն է, հանդիսանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական հակակշիռներից մեկը։ «Ուժեղ ձեռքի» կերպարը, վստահելիության գործոնը Քոչարյանին զգալի դերակատարություն են տալիս ապագա քաղաքական «մարտերում»: Շատ կարևոր ֆիգուր է շարունակում մնալ երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Փորձագետները պնդում են, որ ընթացող գործընթացներում նրա դիրքորոշումները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա, նույնիսկ ընտրություններին չմասնակցելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ազդել է արտահերթ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու՝ վարչապետի որոշման վրա:

Առաջիկա գործընթացներում կշարունակեն ազդեցիկ դերակատարություն պահպանել ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը։ Այս կուսակցություններն ի սկզբանե դիրքավորվեցին ընդդիմադիր դաշտում ու թե՛ մինչպատերազմական, թե՛ հետպատերազմական շրջանում ակտիվորեն ներգրավված են 17-ի ֆորմատում, իսկ առաջիկայում ձևավորվելիք ֆորմատներում կպահպանեն իրենց ազդեցիկ դիրքը: Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթել յանը առավել երիտասարդ սերնդի գործիչներ են, սակայն զգալի ակտիվություն և ներկայություն ունեն ընթացող քաղաքական մրցավազքում: Դժվար է ասել, թե ապագա գործընթացներում ինչպիսի դիրքավորում կունենան Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որպես խորհրդարանական ուժ՝ կուսակցությունը հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, պահանջել է կառավարության և նրա ղեկավարի հրաժարականը՝ չբացառելով Մարուքյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ դրանով, անշուշտ, փորձելով քաղաքական դաշտում հանդես գալ սեփական օրակարգով:

Այս նոր, խայտաբղետ իրականության պայմաններում Մարուքյանը կարող է հետաքրքիր գործոն լինել: Քաղաքական դաշտի «սյուրպրիզը», ինչ խոսք,«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն է, որն արտերկրում հաջողություններ գրանցելուց հետո անսպասելիորեն հայտարարեց Հայաստանում քաղաքական գործունեություն սկսելու մասին: Հատկանշական է, որ երրորդ բևեռ ձևավորելու նրա հայտից հետո ապատեղեկատվության գրոհ սկսվեց նրա դեմ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական տարբեր շրջանակներից: Փորձագետները կանխատեսում են, որ Թովմասյանը կարող է դառնալ քաղաքական դաշտի խոշոր խաղացողներից մեկը: Ըստ այդմ, առաջիկա քաղաքական գործընթացները խոստանում են ձանձրալի չլինել։

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն արդեն պատրաստվում են տարբեր սցենարների։ Բայց Հայաստանին պատուհասած վերջին պատերազմը հասարակության քաղաքական ընկալումներում և հայացքներում արմատական փոփոխություններ է առաջ բերել, ինչի հետ պետք է հաշվի նստեն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Դժվար է հավատալ, որ ՀՀ քաղաքացին նորից կարող է դառնալ ստի, պոպուլիզմի, դիլետանտիզմի ու դեմագոգիայի զոհը։