Aravot.am-ը գրում է. «Freedom House» ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ասաց, որ այս պահին վտանգը մեծ է ավտորիտար ռեժիմների հեղինակության բարձրացման․ «Մարդիկ տեսնում են, որ միջազգային կառույցները իրենց հետ չեն։ Հարցերը լուծվում են ոչ թե միջազգային կառույցների միջամտությամբ՝ մարդու իրավունքների ոլորտի, այլ՝ քաղաքական։ Ինչ-որ մի X պետություն հարց է լուծում։ Բա ո՞ւր են միջազգային կառույցները։ Ես գիտե՞ք ինչքան նամակներ եմ գրել, տեսա՝ միջազգային կառույցները չեն արձագանքում, ստիպված դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Երբևէ առաջին անգամ օմբուդսմանը դիմել է քաղաքական մարմնի, բայց ինչո՞ւ եմ դիմել, որովհետև միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չկա՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր, ոչ ոք չի գալիս։ Օրինակ՝ ինչո՞ւ մի հատ չեն գալիս Հայաստան, գան իրենց առաքելությամբ, գնան մեր սահմանային գյուղերում տեսնեն մարդիկ ո՞նց են բնակվում, մեն մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Իրավական հիմնավորումներով բարձրացնում եմ այդ բոլոր հարցերը»։

Արման Թաթոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների այս պասիվությունը նպաստում է մարդու իրավունքների, ժողովրդավարության համակարգի հեղինակազրկմանը․ «Այն էլ ռազմական դրության պայմաններում, բացի նրանից, որ հասարակությունում կան որոշ շրջանակներ, որոնք կարող են օգտվել, բայց սրանք գայթակղիչ են ի վերջո պետության համար։ Դու ինչ ուզում ես արա, ես չեմ անձնավորում, բայց պետության տեսանկյունից ցանկացած պետության համար գայթակղիչ է մեծ սահմանափակումների պայմաններում արտակարգ իրավիճակների հարցերը օգտագործել, խնդիրները առաջ տանել։ Իսկ միջազգային կառույցները ինչի՞ համար են, նրա համար են, որ բալանսավորեն։ Շատ ներողություն, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, այսքան բարձրացնում եմ հարցերը, գիտեմ, որ մեր քաղաքացիական հասարակության առանձին գործընկերներ ևս, բայց իմ վրա բերեմ, ոչ մի արձագանք չկա։ Տեսանյութը դնում եմ միջազգային կազմակերպության ներկայացուցչի առաջ՝ ո՞նց են մորթում հային, տեսանյութը՝ թարգմանած, մի հատ արձագանք չկա՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Բա հետո այդ մարդու աչքերին ես ո՞նց նայեմ մարդու իրավունք պաշտպանեմ։ Գնամ ասեմ՝ մարդու իրավունքների պաշտպան եմ, կասի, շատ կներեք, այդ 44 օրը ո՞վ էր խոշտանգում, անմարդկային վերաբերմունքի արժանացնում և միջազգային կառույցներից ոչ մի արձագանք չկա։ Հետևաբար՝ ինստիտուցիոնալ առումով միջազգային կառույցների այս պասիվությունը, լռությունը նպաստում է մարդու իրավունքների համակարգի հանդեպ հարգանքի նվազեցմանը, այդ մշակույթի նվազեցմանը և հեղինակազրկմանը։ Այն բոլոր արժեքների, որոնք հենց այդ կառույցները ստեղծել են»։