Կորոնավիրուսի ազդեցությունից մահացած հիվանդների մազանոթներում հայտնաբերվել են մեծ թվով միկրոթրոմբներ, որոնց պատճառով ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստացել: Այս մասին հայտնում է JAMA Neurology գիտական ամսագիրը։ Ուսումնասիրության համար հյուսվածքային նմուշներ են վերցվել հինգ տարեց հիվանդներից, որոնք մահացել են վիրուսային հիվանդության ծանր ձևի պատճառով: Բացի այդ, բոլոր մահացածները ունեցել են գիտակցության խամրում, հիշողության խնդիրներ, ինչպես նաև ուղեղի գործունեության խանգարում ցույց տվող այլ ախտանիշներ: Արդյունքում՝ պարզվել է, որ բոլոր մահացածների մազանոթներում առկա են թթվածնի քրոնիկական պակասի հետքեր։ Ինչպես պարզվում է, կորոնավիրուսը ազդում է ոչ միայն թոքերի բջիջների վրա, այլ նաև կարող է թափանցել մարմնի այլ հյուսվածքներ, այդ թվում՝ ուղեղի բջիջներ:
Վիրուսի այս հատկությունը կարող է բացատրել, թե ինչու են վարակակիրներ կորցնում հոտառությունը, խնդիրներ են ունենում մարսողության և նյութափոխանակության հետ: COVID-19-ը ախտահարում է նաև ուղեղը' առաջացնելով հիշողության և մտավոր ունակությունների ժամանակավոր խանգարում: