Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին նոր ցուցակով է մասնակցելու։

Մասնավորապես, նշվում էր, որ այդ նոր ցուցակում չեն լինի Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի և Միքայել Մելքումյանի անունները։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարածված լուրերը դիտավորություն որակեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման անհեթեթությունները դնում են շրջանառության մեջ, ես շատ ավելի կարևոր հարցեր ունեմ, քան տարբեր շահագրգիռ անձանց՝ մամուլին տված տխմարությունները մեկնաբանելը: Ինչ-որ անձինք, ինչ-որ ուժեր հետևողականորեն նման տխմարությունները դնում են շրջանառության մեջ. կյանքը չի սկսվում և չի ավարտվում պատգամավոր լինելով»:

Ըստ Զոհրաբյանի՝ նման լուրեր տարածում են հատկապես նրանք, որոնց կյանքի նպատակը միայն պատգամավորական մանդատ ունենալն է:

«Անհեթեթություն է և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կարող եմ ասել, որ նշված տեղեկատվությունը կոնկրետ շահագրգիռ անձինք են դնում շրջանառության մեջ: Ինձ համար դա ընդհանրապես խնդիր չէ, որովհետև այս պահին շատ ավելի կարևոր օրակարգային խնդիրներ կան՝ ռազմագերիների, տեղահանված արցախցիների հարցը, անհետ կորածների հարցը, քան հիպոթետիկ, տեսական հերթական կամ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերը»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով՝ սրանք ուղղորդված խոսակցություններ են. «Ի տարբերություն նման լուրեր շրջանառության մեջ դնողների՝ Նաիրա Զոհրաբյանը Նաիրա Զոհրաբյան է մնալու առանց պատգամավորական մանդատի էլ, ի վերջո, այս որոշումները կայացնելու է Գագիկ Ծառուկյանը, և այս պահին որևէ մեկը չի կարող որևէ պնդում անել»:

Զոհրաբյանը հավելեց, որ այս պահին Պետդումայի հրավերով մեկնում է Մոսկվա՝ ռազմագերիների, տեղահանված արցախցիների և այլ հարցերով: Պատգամավորը չմանրամասնեց հանդիպումների ձևաչափը՝ հավելելով, որ փակ կոնֆիդենցիալ հանդիպումներ են:

Արփինե Հակոբյան