Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտում» շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները: Գործարանի աշխատակից Նելսոն Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ գործարանում քանդում և վաճառքի են հանում արժեքավոր ամեն բան. «Քանդել են կոնդենսատորները, գործարանը կոտրում, թալանում են: Որ ասում էին՝ թուրքը եկավ, կոտորեց, հիմա իրենք են օգնում թուրքին՝ երկաթներն էլ տալիս են թշնամուն»,- պնդում է աշխատակիցը և հավելում, որ յուրաքանչյուր արժեքավոր բան տեղափոխում են Թուրքիա:




Աշխատակիցը նշում է՝ շուրջ 5 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ գործարանի կառավարիչն էլ ասել է՝ վարչապետից պահանջեք:

«Ոչ մի բացատրություն չկա, կառավարիչն ասում է՝ գնացե՛ք, Նիկոլից ուզեք: 90000 դրամ ենք ստանում, բայց մեկ ամսվա աշխատավարձը մաս-մաս են վճարել: Ինչի՞, կառավարչի աշխատավարձը կարո՞ղ է լինել 6 մլն»,- նշեց Նելսոնը:

Հարցին, թե ինչ եք պատրաստվում անել, գործարանի աշխատակիցն ասաց, որ դեռևս սպասում են։ Նաև մտավախություն ունեն, որ շուտով աշխատանքից կարող են ազատել իրենց:

«Եկել եմ, տեսել եմ, որ քանդում են, ասում եմ՝ ինչի՞ եք քանդում, ասում են՝ պետք չէ: Ո՞նց պետք չէ։ Իսկ ո՞վ է ասել, որ քանդես»,- նկատեց Նելսոնը:

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ որոշ հատված քանդում են և վաճառում, որպեսզի կարողանան աշխատավարձերը վճարել, աշխատակիցը պատասխանեց. «Աշխատավարձ տալու համար արժեքավոր ամեն բան չեն քանդում, որ վաճառեն։ Ոչ արժեքավորներն են վաճառում: Այնքան մետաղներ կան, որ պետք չեն, թող դրանք վաճառեն, աշխատավարձը տան, բայց ի՞նչ են անում...»:

Արփինե Հակոբյան