Հայկական բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավել ռազմական գործողություններում, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի կողմից ասում էին, որ Ադրբեջանը ուժեղ է, ավելի մեծաքանակ զորք ունի, իսկ մեր զորքը ամբողջովին չի մասնակցել, տարօրինակ չէ՞: Հիմա պետք է սկսեն հեքիաթներ պատմել, թե այդ զորքը պետք էր Հայաստանի Հանրապետության սահմանները պահելու: ՀՀ սահմանները պահելու մի քանի ձևեր կային: Նախ՝ մենք մեր դաշնակցի հետ ունենք երեք պայմանագիր, համաձայն որի՝ իրենք պարտավոր են մասնակցել մեր անվտանգությանը, ուղղակի մեր անվտանգության ապահովմանը», - նշել է նա:

«Ասեիք՝ մեզ համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը շատ կարևոր է, մենք նրա երաշխավորն ենք, մենք մեր զորքը ամբողջովին տանելու ենք այնտեղ, խնդրում ենք մեր անվտանգությունը ապահովել` ձեր դրոշակները տեղադրելով: Մենք դիմե՞լ ենք մեր դաշնակցին, չենք դիմել, չէ՞, այդ հարցով, բայց ուրիշ տարբերակ էլ կա, ինչու՞ պահեստազորայիններին ուղարկել եք Ղարաբաղ անկանոն, տարբեր տեղեր, կամավորներին ուղարկել էիք այնտեղ, բա ուղարկեիք ՀՀ սահմաններ, այդ կանոնավոր զորքը տանեինք այնտեղ, ինչո՞ւ չեք արել», - ասել է Սարգսյանը: