Երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց սգո սրահներին վերաբերող տեղեկությունը, որով ասվում էր, որ հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցելիս, եթե չլինի թույլտվություն, ապա՝ կտուգանվեն: Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացումը և մատուցումը առաջացնում է տուգանքի նշանակում` 1 մլն դրամի չափով, իսկ ահա նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում, կտուգանվեք 2 մլն դրամի չափով:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց մի քանի սգո սրահների հետ՝ պարզելու իրենց կարծիքը այս ամենի վերաբերյալ:

Երևանի Կենտրոն համայնքում գտնվող սգո սրահներից մեկի աշխատակիցն ասաց, որ տեղյակ չի, թե ինչ նոր նախագիծ է, իսկ ինչ վերաբերում է տեղեկացնելուն, ապա, նրանք միշտ տեղեկացրել են. «Մինչև վերջերս մենք տեղյակ էինք պահում մեր շրջանի ոստիկանությանը, թաղապետարանին և քաղքապետարանին, որ այս ժամին ունենք հանգուցյալ: Սակայն, վերջին որոշմամբ, ասել են, որ միայն տեղյակ պահենք թաղապետարանին: Իսկ թե էլ ում և ինչ պետք է տեղյակ պահենք՝ չգիտեմ»,- նշեց սգո սիրահի տնօրենը՝ Հրաչյա Մուրադյանը:

Մեկ այլ սգո սրահի տնօրինությունից էլ մեզ ասացին, որ այդ նոր տուգանքների նախագիծը անհեթեթություն է. «Այսինքն, եթե մարդ ա մահանում, ես պետք է գնամ ստեղ-էնտեղ, որ թույլտվություն ստանա՞մ, դա ապուշություն ա ուղղակի»,- ընդգծեց Կարեն Գևորգյանը:

Վերջինս ասաց, որ եթե այդ նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա պատրաստ է բողոքի ձայն բարձրացնելու:

«Դրա իմաստը ես չեմ կարողանում հասկանալ, երբ լիցենզիա ունենք, էլ ի՞նչ թույլտվության մասին ա խոսքը: Ո՞նց եք պատկերացնում՝ մեռելը սպասի, մինչև թույլտվությո՞ւն վերցնենք»,- նշեց Աջափնյակ շրջանի սգո սրահներից մեկի աշխատակիցը:

Վերջինս ասաց, որ եթե այն օրենքի ուժ ստանա՝ միանշանակ կհետևեն դրան. «Ուզած-չուզած, ստիպված պետք ա հետևենք, անիմաստ տեղը հո չպիտի՞ տուգանվենք»,- եզրափակեց նա :

Զվարթ Պետրոսյան