Նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե «Հայրենիք» զորախումբը  դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։ Փաշինյանը, ընդ որում, նման մեղադրանք հնչեցրել էր ոչ միայն «Հայրենիք» զորախմբի, այլ նաև մյուս կամավորականների հասցեին` պնդելով, որ դասալքության մակարդակը անչափ բարձր է եղել և հենց դա  է դարձել Շուշիի անկման պատճառներից մեկը:

Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց  ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձել է, սակայն քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։ Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գլխավոր դատախազությունը հերքում է Նիկոլ Փաշինյանին: Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ որոշ անհատներ քաղաքական հայտնի շրջանակների ուղղորդմամբ դիրքերում լուրեր են տարածում, թե պատերազմը պայմանավորված է: Դատախազությունը քննություն անցկացրեց, որի արդյունքում որևէ կապ քաղաքական շրջանակների հետ վեր չհանվեց, ավելին՝ այդ կապը հերքվեց` մեկ անգամ ևս ստի և քաղաքական մանիպուլյացիաների վրա բռնելով Նիկոլ Փաշինյանին:

Նման մեկ ուշագրավ դրվագ էլ արձանագրվել էր մեկ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակներում հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, Արթուր Դավթյանը ուղղակիորեն նշում էր, որ Մարտի 1-ի գործի խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:

Ինչպես տեսնում ենք` սեփական ԱԳՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանին հերքելու գործին է լծվել նաև գլխավոր դատախազությունը, ինչը խոսում է ՀՀ իշխանությունների վերին էշելոնում ստի և մանիպուլյատիվ քայլերի պրոֆիցիտի մասին...