իկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում Շիրակի մարզում արդեն 3-րդ մարզպետն է փոխվում: Մեկ ամիս առաջ ազատման դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է իր հրաժարականի մասին խոսել մոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ նորանշանակ մարզպետը իր բուռն գործունեությամբ ջանում է ապացուցել, որ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել՝ վերջինիս շնորհելով այդ պաշտոնը: Հիշեցնենք, որ մարզպետը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրիի «Բեռլին» պոլիկլինկայի տնօրենը, իսկ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել Փաշինյանը վիրաբույժին վստահելով մի ամբողջ մարզ, գուցե՞ նա դեռ վստահ է, որ քաղաքական խնդիրները հնարավոր է լուծել օղու և պինցետի միջոցով: Իսկ խնդիրները Շիրակի մարզում բազմաթիվ են: 

Միայն թե խնդիրները լուծելու փոխարեն նորանշանակ մարզպետը լծվել է Փաշինյանի այցի շրջանակներում շոուներ կազմակերպելու և բացի այդ, ինչպես իրական ՔՊ-ական` արդեն իսկ հասցրել է հայտնվել դատական գործընթացի կիզակետում:

Տեսնենք, թե մեկ ամսվա ընթացքում ինչ բուռն գործունեությամբ  է աչքի ընկել Հովհաննիսյանը: Նախ և առաջ նրա շնորհիվ՝ մարզ կատարած Փաշինյանի այցը իսկապես դարձավ անմոռանալի, այն պարզ պատճառով, որ էժանագին շոու-փիառը միանգամից ջրի երես դուրս եկավ` դառնալով հանրության ծաղրի առարկան, իսկ մամուլը գրեց, որ բեմադրության ռեժիսորը անձամբ մարզպետն էր: Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ այս ընթացքում Հովհաննիսյանը հասցրել է հանդիպել առողջապահության նախարարի հետ` թերևս նախկին կոլեգաներից կարոտը առնելու նպատակով: Հասցրել է պարգևատրել մարզպետարանի 16 աշխատակցի, որոնց աշխատանքի արդյունավետությունը, բնականաբար, անձամբ ստուգելու հնարավորություն մեկ ամսում չէր ունեցել: Հասցրել է կատարել գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաների սուրբ պարտականությունը և մարզպետարանում իբրև պատվավոր հյուրեր ընդունել սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչներին: Ինչպես կասեր դասականը՝ ահա և վերջ, սա Հայաստանի ամենապրոբլեմատիկ, ամենաաղքատ մարզի մարզպետի՝ մեկ ամսվա ողջ գործունեությունն է՝ ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի: Զրո հանդիպում համայնքների ղեկավարների հետ, զրո հանդիպում համայնքների բնակիչների հետ: Ինչպես տեսնում ենք` մարզպետը հաջողությամբ ինտեգրվում է անգործության մատնված ՔՊ-ական մեծ ընտանիքին...