Այս մի քանի օրը ամենավճռականն է մեր շարժման մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ասեմ ինչու, 2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ եւ բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանց ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ: Հիմա կտարվում է երկրորդ քայլը: Այն տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետեւ բանակն ինքնուրույն է:

Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, ասեց՝ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետեւ ինքը պարտվեց:

Իսկ եթե հաղթի, կարողանա ինչ-որ ձեւով հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսում Հայաստանի: Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք: Այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ տեսնում է Նիկոլ Փաշինյանի պարտությունը:

«Երկրորդ դեպքում եթե մեզ ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: Դրա համար պետք է ամուր կանգնել, լինել համբերատար եւ պատրաստվել վճռական գործողությունների»,-ընդգծեց նա: