Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 12 օրյա այցով մեկնել է ՌԴ, ընդ որում՝ ոչ դատարակ ձեռքերով, նա իր հետ է տարել բազմաթիվ հուշանվերներ' թերևս այդպիսով հույս ունենալով շահել ՌԴ-ում հայ համայնքի սիրտը: Իսկ սիրտը շահելու պատճառները գործող իշխանությունները և Զարեհ Սինանյանը, ինչ խոսք, ունեն՝ հաշվի առնելով այն բազմաթիվ և անհիմն մեղադրանքները և թիրախավորումը, որին ենթարկվում է հայկական համայնքը վերջին շրջանում, հատկապես պատերազմից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները ոչ ավել, ոչ պակաս համայնքին մեղադրեցին պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ոչ բավարար օգնություն տրամադրելու մեջ: Իհարկե, այդ հայտարարություններին կարող էր հավատալ միայն նա, ով ծանոթ չէր, թե իրականում ինչպիսի ահռելի ծավալի օժանդակություն է տրամադրել ՌԴ-ի հայ համայնքը Արցախին պատերազմի ամենա թեժ օրերին:

Սակայն, վերադառնանք Սինանյանին, ում նվերները, կարծես թե, ցանկալի ազդեցությունը չեն ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն' համայնքային կառույցների ներկայացուցիչները պարզապես հրաժարվել են հանդիպել գլխավոր հանձնակատարի հետ: Եվ հենց սրանով պայմանավորված՝ նաև հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի զավեշտ դարձած հայտարարությունը՝ «Եթե ցան­կանում եք մասնակցել կայանալիք հան­դիպմանը, կարող եք լրացնել ձեր անձնա­կան տվյալները և հրավեր ստանալ»: Բայց ուշագրավ հարց է ծագում' ինչի մա­սին են խոսում տելեգրամյան ալիքները, ինչո՞ւ է Գլենդելի նախկին քաղաքապետ Սինանյանը հավաքում ՌԴ քաղաքացինե­րի անձնագրային տվյալները: Կա վարկած, որ Սինանյանի այցը ունի նաև այլ քողարկված նպատակ. այն է' ՌԴ հայերի միության տարբեր բաժանմունքներում սորոսական ցանցի ստեղծումը: Ռուսաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության արգելումից հետո պրո-արևմտյան ուժերը փնտրում են լծակներ՝ բազմազգ ՌԴ մուտք գործելու և պետության հիմքերը խարխլելու համար: Ինչպես երևում է' Հայաստանի իշխանությունների սորոսական թևը, որի վառ ներկայացուցիչն է Սինանյանը, որոշել է իր լուման ներդնել այդ գործում' միևնույն ժամանակ հերթական սեպը խրելով հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Սակայն, փաստենք, որ ՌԴ հայ համայնքը հայկական սփյուռքում թերևս ամենակուռ և կազմակերպված համայնքներից մեկն է, որում նման խաղեր տալը գրեթե անհնար է, ավելին' անչափ կարևոր մեսիջ է այն, որ հենց Սինանյանի այցի ընթացքում ՌԴ հայկական համայնքը հայտարարում է ԳՇ-ին սատարելու և բանակի կողքին կանգնելու մասին: Այնպես որ, Սինանյանի հերթական տուրնեն դեպի ՌԴ կարելի է ավարտել ժամանակից շուտ, արդեն իսկ պարզ է այդ նախաձեռնության տապալված լինելը...