Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այս մասին հաղորդագրություն է ՀՀ տարածել պետական եկամուտների կոմիտեն:

«Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ' Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք' համաձայն ձևի:

Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Միաժամանակ կարևոր է՝ գործատուն պետք է ներկայացրած և վճարած լինի եկամտային հարկը։

Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին և ապահովվում դիմումի հետագա ընթացքը։

Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով:

2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։