Այս պահին չեմ կարող ասել, բայց այսօր առավոտյան պարոն Գասպարյանը այցելել է Գլխավոր շտաբ՝ իր լիազորություններն իրականացնելու համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:

Պաշտպանը նշեց, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ԳՇ պետ:

Հովհաննիսյանի խոսքով՝ ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման. «Կառավարության տարածած հայտարարությունից հասկացա, որ դա գրողները ուղղակիորեն ասում են, որ մենք թքած ունենք դատարանի կայացրած որոշման վրա, ուրիշ կերպ չեմ կարող մեկնաբանել: Ես չեմ կարող հիմա վիճել՝ ով է ճիշտ, որովհետև ունենք ուժի մեջ մտած դատական ակտ: Եթե ինչ-որ մեկը դրա հետ համաձայն չէ, ապա թող հայցի ապահովումը վերացնելու գործընթաց սկսի: Այնպես չէ, որ այդ հարցերը պետք է Կառավարության կամ աշխատակազմի հայտարարություններով լուծվեն. ունենք դատական ակտ, որը պարտավոր է կատարել ոչ միայն գործադիրը, այլև հենց պարոն Գասպարյանը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ իր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելու է ՀՀ վարչական դատարանում։

Գլխավոր շտաբի ղեկավար կազմն էլ առանձին հայտարարություն տարածեց՝ աջակցելով Օնիկ Գասպարյանին։ 

Դատարանը բավարարել է գեներալ-գնդապետի փաստաբանի միջնորդությունը, ինչի արդյունքում Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գլխավոր շտաբի պետ, քանի դեռ դատական վեճը չի կարգավորվել։

Արփինե Հակոբյան