ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, և Երևան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հու­նիս­ին նրանք երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ:

2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին:

Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ:

Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր:

2020թ. փետր­վա­րին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն տե­ղա­փո­խե­լու հա­մար նո­տա­րա­կան կար­գով վա­վե­րաց­ված հա­մա­ձայ­նա­գիր, ո­րից հե­տո երեխային տե­ղա­փո­խել են ՌԴ:

Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք և վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ:

Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 169.1-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցհեր են ձեռնարկվում, նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով: