ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել, նրա նկատմամբ վարույթը կարճվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց փաստաբան Մհեր Հակոբյանը։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Արձանագրենք, որ, թեև գումարը վերականգնվել է, այդուհանդերձ, Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում և Ղազարյանը դեմ չի եղել, որ համաներում կիրառվի և քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն քննիչը դա դիտարկել է որպես միջնորդություն և հետաձգել դրա լուծումը, ավելին՝ քննիչը չէր նշել, թե ինչ հանգամանքներ պարզելու համար է հետաձգել այն, որևէ լուծում չկար։

Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին։