Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն արդարացվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է արդարացի որոշում։

«237-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ եթե բողոքող կողմը Վերաքննիչ չդիմի, ապա այսքանով ամեն բան կարելի է ավարտված համարել․ «Գործն իսկզբանե դատապարտված էր ձախողման»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Կանևսկոյն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, որից հետո սկսվել էր դատավարությունը։

Դատախազը միջնորդել էր Արտյոմ Հարությունովին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, որից հետո փաստաբանն էլ իր հերթին էր միջնորդություն ներկայացրել՝ արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ վերջինիս արարքում չկա հանցակազմ։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկն իր ձեռքն առնելուն պես, հայտարարեց՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու համար իրականացնելու են ասֆալտին պառկեցնելու օպերացիա։