Նախօրեին Սյունիքի մարզի Շիկահող գյուղում դիրքերի ուղղությամբ կրակոցներ են լսվել։ Անասուններն արածեցնելիս գյուղացիներն են ձայներ լսել, ապա՝ տեղեկացրել համայնքապետին։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանն ասաց, որ արդեն սկսվել են գարնանացան աշխատանքները, գյուղացիներն էլ շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախկինում․

«Տրամադրությունները նույնն են, շարունակում ենք մեր աշխատանքը։ Առաջարկել ենք, որ սահմանապահներ ուղարկեն մեր դաշտեր, որտեղ կատարվում է վարուցանք կամ էլ թույլ տան, որ նման աշխատանքներով զբաղվողները զենք կրեն»։

Ղեկավարը պաշտոնապես ոչ մեկին չի դիմել, որովհետև վստահ է՝ կառավարության ներկայացուցիչները շատ լավ գիտեն խնդրի մասին։

«Ես ընդամենը բարձրաձայնել եմ, որ հնարավորինս արագ լուծում տրվի այս խնդրին։ Գյուղացիները ցանկանում են զենք կրել, իհարկե, հասկանում ենք նաև, որ չի կարող այն տրվել բոլորին։ Եթե, օրինակ, 5 տարի Որսորդ միության անդամ են լինում, ապա թույլտվություն են ստանում՝ զենք կրելու, առաջարկում ենք գործընթացը կատարվի այդ նույն միջոցներով, պարզապես թող այդ 5 տարին կրճատեն։ Պարտադիր չի գյուղացին գնա արհեստականորեն գրանցվի, սպասի, որ 5 տարին լրանա։ Կարելի է ամեն ինչ արագ կազմակերպել․ այս մասով պետք է աշխատանք տանեն և որևէ մեխանիզմ մշակեն»,- նկատեց Ղազարյանը։

Սակայն Ղազարյանը երկու տարբերակներից առավել նպատակահարմար է գտնում այն, որ սահմանապահներն ապահովեն գյուղացիների անվտանգությունը։

«Բնականաբար, այդ կերպ ավելի ապահով կզգանք, իսկ զենք կրելը միայն հույս է ներշնչում, 100%-ով ապահով չէ։ Ուզում ենք, որ խնդրին լուծում տան, որպեսզի կարողանանք ապրել սովորականի պես։ Ո՛չ ուզում ենք տեղափոխվել, ո՛չ էլ դադարեցնել աշխատանքները»,- եզրափակեց ղեկավարը։

Արփինե Հակոբյան