Թուրքերը 100 մետր իջել են մեր սահման, քաշքշել են հովվին, վերջում էլ հարվածել են աչքին ու փախել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

Ինչպես նշում է վերջինս, այդպիսի դեպքերը սկսել են հաճախակի կրկնվել. «Միայն այդ օրը չի եղել նման բան, մնացած օրերին էլ քարերով են հարվածում հովիվներին, հայհոյում են, լկտի բառեր են օգտագործում: Անասունները, որ արդեն սկսել են արոտի դուրս գալ, թուրքերն էլ սկսել են լկտիանալ»,- ասաց Արգամ Հովսեփյանը:

Մեր այն հարցին, թե ադրբեջանցի զինվորների նման պահվածքը արդյոք լարվածություն և անհանգստություն չի առաջացնում բնակչության շրջանում, նա պատասխանեց. «Մարդկանց համար սովորական է դարձել, նորմալ է: Իրենց առօրյա կյանքով են ապրում: Ապրիլի 24-ին էլ են վախեցրել այդ տարածքում գտնվող հովիվներին,  բայց իրենք այդ տարածքում նորից շարունակում են աշխատանքները»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը:

Ադրբեջանը, ըստ նոր սահմանազատման, Արավուս գյուղում ունի 13 նոր դիրք, գյուղապետը այն կարծիքին է, որ նրանք պետք է հետ քաշվեն. «Այսպես չի լինի, տեղից էլ մեր գյուղը փոքր է, մարդիկ էլ ի՞նչով պետք է զբաղվեն, անասուններն էլ ծախել են, մնացել է հողագործությամբ զբաղվելը: Որտեղ կանգնած են իրենք՝ մեր հողն է, մեր քարտեզով ու վկայականով կարող ենք ցույց տալ, որ մերն է այն: Դիմել ենք մի քանի տեղ, սպասում ենք՝ ինչ-որ հանձնաժողով գա»,- նշեց Արգամ Հովսեփյանը:

 

Հիշեցնենք, որ այս միջադեպին անդրադարձ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Զվարթ Պետրոսյան