Չեմ կարող ասել, թե ներկա պահին ընթացող բանակցությունները ինչ արդյունք կտան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նա Սյունիքում տեղի ունեցածը որակեց որպես խայտառակություն։

«Եթե հանձնենք Իշխանասարը՝ խնդիրներ կունենանք: Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանն ու մայրուղին, որը Սարավանից տանում է մինչև Գորիս, այնուհետև Կապան։ Այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի համար նաև որպես արոտավայր է ծառայում»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Վերջինս այն կարծիքին է, որ ռազմաքաղաքական իշխանությունները պետք է թույլ չտային, որ իրավիճակը հասներ այս կետին՝ այսօր էլ չբանակցեին. «Իմանալով այդ բարձունքի կարևորության մասին՝ մենք այնտեղ պետք է վաղուց դիրքավորված լինեինք: Նախօրոք պիտի կանխարգելիչ գործողություններ իրականացնեինք: Իշխանասարը ազատ է եղել, ադրբեջանցիներն էլ եկել են, նստել սարին»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը։

Նշենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Կառավարության այսօրվա նիստում էլ Փաշինյանը հայտնել է, որ իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Երեկվանից բանակցություններ են ընթանում։

Զվարթ Պետրոսյան