Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը համոզված է՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինչպես գիտեք, այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը օգնելու է, որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծենք: Համոզված եմ , որ սա ժամանակի հարց է»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը միանշանակ լուծվելու է դաշնակիցների հետ համատեղ․ «Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սա ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի»։

ԱԽ քարտուղարը, խոսելով այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ, նշեց՝ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկրորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին:

«Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա' հույս հայտնելով, որ մոտ օրերս արձագանք կլինի: