«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երևի թե նկատած կլինեք, որ իշխանությունները իմիտացիաների նոր շարք են սկսել, թե իբր լուրջ աշխատանքներ են իրականացնում, մտածում են քաղաքացիների բարեկեցության մասին։ Ըստ այդմ, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում, որոնցով փորձում են իբր շահել հանրության որոշակի հատվածների վստահությունը։ Այսինքն, սկսելը երևի ճիշտ բառը չէ, այս իշխանություններն այդպիսին են եղել միշտ, ուղղակի պատերազմից հետո, առավել ևս՝ ընտրություններից առաջ դա առավել ընդգծված են անում: Օրինակ՝ վերջերս կառավարության նիստում ընդունեցին հերթական որոշումը, թե Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու են հինգ տարվա ընթացքում։ Փաստացի իշխանությունները ուզում են ապացուցել, որ ինչ-որ հրաշքով հանկարծ սկսել են հասկանալ գիտության դերն ու նշանակությունը։ Ընտրություններից առաջ:

Կարծես հենց նույն Փաշինյանը չէր, որ 2019 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ խորհուրդ էր տալիս հրաժարվել փողի մասին խոսակցությունից, քանի որ հենց սկսում են դրա մասին խոսել, արագ փակուղի են մտնում։ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում էր գիտելիքահեն տնտեսության ստեղծման ու գիտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից էլ՝ ցանկանում էր ցրել ԳԱԱ-ն ու հայագիտությունը հետին պլան մղել, իսկ գիտնականներին էլ համարում էր սուրճ խմողներ կամ թամադաներ։ Թերևս աշխատավարձերի բարձրացման մասին որոշումով (իսկ իրականում՝ պարզապես խոստումով) իշխանությունները փորձում են որոշակիորեն մեղմել գիտնականների ու դասախոսների զայրույթը, քանի որ նրանց գերակշռող մեծամասնությունը հստակ դիրքորոշում արտահայտեց Փաշինյանի հրաժարականը պահանջելու կապակցությամբ։

Բայց տեղի ունեցող ահավոր իրադարձությունների ու համատարած բարձիթողի իրավիճակի ֆոնին դժվար թե աշխատավարձի բարձրացման որոշումը էական ազդեցություն ունենա գիտական ոլորտի ներկայացուցիչների քաղաքական դիրքորոշման վրա։ Բացի դրանից, իշխանությունների նախագծերի նկատմամբ ընդհանրապես վստահություն չկա, քանի որ հետո պարզվում է, որ դրանք փուչ են և իրական նպատակին չեն ծառայում։ Կամ պարզապես անհիմն էին, սուտ էին, անիրագործելի էին և այլն: Դրա համար էլ հարց է, որ եթե նախքան համավարակը և պատերազմը բյուջեում միջոցներ կային, և Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունեն, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չէին բարձրացնում գիտությամբ զբաղվող մարդկանց աշխատավարձերը, իսկ հիմա, երբ ճգնաժամը խորանում է, և բյուջեի միջոցները սուղ են, որոշել են բարձրացնել։

Ընդ որում, այդ բարձրացումն էլ դեռ մեծ հարցական է, քանի որ, ինչպես ուսուցիչների դեպքում, գիտաշխատողները ևս պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձի նախատեսված սանդղակին հասնելու համար։ Մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ իշխանությունները հնարավորություն կունենան ատեստավորումն այնպես իրականացնել, որ հնարավորինս քիչ աշխատողների աշխատավարձ բարձրանա ու հետո շեփորահարեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Ի դեպ, քիչ չեն նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ եթե գիտաշխատողներն ու ուսուցիչները պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձերի բարձրացման համար ու որակներ ցույց տան, ապա ինչո՞ւ չպետք է նույն գործընթացով անցնեն նաև իշխանության շարքերում տաքուկ տեղավորված և շատ դեպքերում տարրական գիտելիքների չտիրապետողները։ Ու ընդհանրապես, պետությանն ի՞նչ օգուտ ոչինչ չանող ու աստղաբաշխական պարգևավճարներ ստացող պաշտոնյաներից, չէ՞ որ այդ գումարները կարելի էր շատ հանգիստ ներդնել կրթության և գիտության զարգացման ոլորտում։ Ոնց էլ լիներ, արդյունքները տեսանելի կլինեին։

Իսկ հիմա, մինչ գիտական ոլորտի մասնագետները սպասեն 2025 թվականին, որպեսզի արժանապատիվ աշխատավարձ ստանան, Հայաստանում գիտությունն արդեն քարուքանդ վիճակում կարող է հայտնվել, քանի որ պետք է գործել հենց այս պահին, որպեսզի հնարավոր լինի գոնե եղածը պահպանել։ Թերևս իշխանություններից այս հարցում լրջություն, առավել ևս արդյունք ակնկալելն անիմաստ է, քանի որ տարված վերարտադրության հույսերով՝ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան նրանց սին խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են։ Տեսանք, թե 2018 թվականին Փաշինյանի տված խոստումների հետ ինչ եղավ, ու դժվար չէ պատկերացնել, թե այս նոր խոստումներին ինչ ապագա է սպասում»։