Ծաղրուծանակի առարկա է այն փաստը, որ մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում էր դաշինք կազմել և մասնակցել ընտրություններին, ստանալով մերժում՝ անում է բոլորովին այլ հայտարարություն: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Առաջին նախագահի հայտարարություններին, թե իրենք մասնակցելու են ընտրություններին, որպեսզի բացառեն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանության, քանի որ եթե նրանցից մեկնումեկը գա իշխանության Հայաստանը ծաղրուծանակի առարկա է դառնալու:

Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր այդ առաջարկով ցանկանում էր նաև Ռոբերտ Քոչարյանին ներքաղաքական գործընթացներից դուրս թողնել, պատգամավորն արձագանքեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մասնակցում են ընտրություններին և Քոչարյանը դուրս է մնում քաղաքական անցուդարձից:

Պետք է Տեր-Պետրոսյանը որոշակի վերլուծությունները դեռ 24 տարի առաջ աներ, որ խիզախաբար հրաժարական տալով Հայաստանը չհանձներ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո 20 տարի երկիրը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ տեղի ունեցավ այդ չարաբաստիկ պատերազմը եւ մենք ուղղակի այն պատճառով, որ երկիրը 20 տարի թալանվել էր, պարտվեցինք պատերազմում: Այդ վերլուծականները պետք է արվեր հրաժարականից առաջ»:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի պնդմանը, որ ինքը հրաժարական է տվել քաղաքացիական պատերազմը բացառելու համար, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Չէր կարո՞ղ կանխել: Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը: Նույնկերպ Նիկոլ Փաշինյանին ասում էին՝ գնում եք քաղաքացիական պատերազմի: Փառք Աստծո, քաղաքացիական պատերազմ տեղի չունեցավ, թող բարի լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենար այն իշխանություն, որ կարողանար կանխել քաղացիական պատերազմը և նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահ նշանակվելը: ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տեսնում են իր մեղավորությունը, որ Ռոբերտ Քոչարյանին բերեց ՀՀ նախագահ»:

Հակոբյանը հավելեց, որ 2008-ին ինքը ներկա է եղել Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներին ու հիմա ցավով է խոսում նրա այս հայտարարությունների մասին. «Երբ 2008-ին հարթակից խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես չէի մտածի, որ երբեւէ նման հայտարարություններ կլսեի, որոնք հիմա լսում եմ: Նա ոմանց անվանում էր մոնղոլ-թաթարներ, ոմանց՝ ավազակապետություն, եւ եկավ մի օր, երբ այդ թաթար-մոնղոլների հետ ուզում էր դաշինքով մասնակցել ընտրություններին»: