“ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի կարծիքով՝ "նախագահի կողմից շատ լավ առաջարկ էր արվել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ղեկավարել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը : Դա ճիշտ առաջարկ էր, որը հնարավորություն կտար վերջինիս իր բարեփոխումներն իրականացնել ու վեր հանել, այն խնդիրները, որ տեսնում է" : Ինչ վերաբերում է ներքաղաքական ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներին, Աբրահամյանի խոսքով՝ անհրաժեշտ է լուրջ ու կազմակերպված աշխատանք. “Մենք պետք է վեր հանենք սոցիալական խնդիրները ու փորձենք առկա բոլոր խնդիրներին արագ լուծումներ տալ: Իսկ այն, թե մեկը այս-այն հրապարակում հայտարարում է, որ ինքն է նախագահը և այլն, դա չէ կարևոր հարցը: Հիմա կարող ա մեկն էլ Մեղրիում է իրեն հորինում նախագահ , մեկն էլ Շիրակում, մենք լուրջ մարդիկ ենք և լուրջ գործով պետք է զբաղվենք”: Արդյո՚՞ք Գագիկ Ծառուկյանը ապրիլի 9-ին ներկա լինելու է նախագահի երդմնակալության արարողությանը: Հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից. վերջինս խորհուրդ տվեց դիմել ԲՀԿ առաջնորդին: “Գագիկ Ծառուկյանին դիմեք: Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դիմում դուք ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանին դիմեք”,-ասաց: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Աժ նախագահը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ քարոզարշավն անցնի կոռեկտության սահմաններում և հաղթի “Հանրապետականը”: “Մենք բոլորին համարում ենք մեր մրցակից և որևէ մեկի չենք ստորադասում ու ոչ մեկի հետ չենք մարտնչում: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր ավագանիների թիվը շատ լինի Երևանի քաղաքապետարանում, դա է մեր խնդիրը: Իսկ արդյոք ընտրակաշառ լինելո՞ւ է, նկատեցին լրագրողները.ԱԺ նախագահը խորհուրդ տվեց դիմել շտաբին` “Շտաբին դիմեք, շտաբը կպատասխանի ձեզ”: Դիտարկմանը ,թե Հայաստանի բնակչության 40 տոկոսն ուզում է արտագաղթել, արդյո՞ք դա ՀՀԿ-ի ձախողումը չէ, ԱԺ նախագահը նշեց. “Ես չգիտեմ՝ դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ամեն դեպքում, եթե համապատասխանում է, դա վատ թիվ է, վատ ցուցանիշ է, և դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ վեր հանենք բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են մեր հանրությանը: Մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, և շատ կարճ ժամանակում փորձելու ենք այդ խնդիրներին տալ լուծում”,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: